ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ելույթ ունենալով Ճապոնիայում տեղակայված ամերիկացի նավաստիների առջեւ, դատապարտել է Չինաստանի «անհանգստացնող» գործողությունները, փոխանցում է Reuters-ը։

«Չինաստանը խաթարում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հիմնական տարրերը»,- ասել է Հարիսը Տոկիոյի մերձակայքում գտնվող Յոկոսուկայում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի աշխարհի ամենամեծ արտասահմանյան բազա այցի ժամանակ:

«Չինաստանն օգտագործել է իր ռազմական եւ տնտեսական հզորությունը՝ իր հարեւաններին հարկադրելու եւ վախեցնելու համար: Եւ մենք Արեւելաչինական եւ Հարավչինական ծովերում վերջերս մտահոգիչ պահվածքի ականատես եղանք՝ սադրանքներին Թայվանի նեղուցով»,- հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 18-ին հեռարձակված հարցազրույցում խոստացել էր պաշտպանել Թայվանն «աննախադեպ հարձակումից»։

Հարիսն ասել է, որ ամերիկյան զորքերը կշարունակեն գործել տարածաշրջանում «անվախ եւ խիզախորեն»:

«Մենք կշարունակենք ընդդիմանալ ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխության,- ասել է նա:- Եվ մենք կշարունակենք աջակցել Թայվանի ինքնապաշտպանությանը մեր երկարամյա քաղաքականությանը համապատասխան»: