Աբխազիայի իշխանությունները Վրաստանի հետ պատերազմի հավանականությունը մեծ կհամարեն մինչեւ ուժի չկիրառման մասին պայմանագրի ստորագրումը. նրանք պատրաստ են դա անել հոկտեմբերի սկզբին՝ Ժնեւյան քննարկումների հերթական փուլի ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Աբխազիայի ԱԳ նախարար Ինալ Արձինբան։

«Քանի դեռ չենք ստորագրել Վրաստանի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիրը Ժնեւյան քննարկումների հարթակում, իակ այն դեռ ստորագրված չէ, մենք պատերազմի հավանականությունը մեծ կհամարենք։ Եվ քանի որ Վրաստանն այդ համաձայնագիրը չի ստորագրում, ապա մենք ելնում ենք դրանից»,- ասել է Արձինբան՝ պատասխանելով Վրաստանի հետ զինված բախման հավանականության մասին հարցին։

Նա ընդգծել է, որ Աբխազիայի իշխանությունները հետեւում են, թե ինչպես են ավելանում Վրաստանում մարտական ​​հետախուզական ԱԹՍ-ների մատակարարման պայմանագրերը, ինչպես են ընդլայնվում շփումները ՆԱՏՕ-ի հետ եւ ինչպես են ընթանում Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունները։ Բացի այդ, նրանք տեսնում են, որ Վրաստանը պետական ​​բյուջեում պահպանում է ռազմական ծախսերի բարձր մակարդակը՝ մոտ 300 մլն դոլար, ընդգծել է Արձինբան։

«Հոկտեմբերի սկզբին, ենթադրաբար՝ 5-6-ին, նախատեսվում է Ժնեւյան քննարկումների հերթական փուլը։ Իմ կարծիքով, դա հիանալի հնարավորություն է Վրաստանի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրելու համար։ Եթե ​​Վրաստանը խաղաղության է տրամադրված, ուրեմն կստորագրի այդ համաձայնագիրը։ Եթե ​​Վրաստանը խաղաղության տրամադրված չէ, ուրեմն այդ համաձայնագիրը չի ստորագրի։ Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք պատրաստ ենք ստորագրել այդ համաձայնագիրը»,- եզրափակել է Աբխազիայի արտգործնախարարը։

Բացի այդ, ըստ նրա, ԱՄՆ-ն արդեն իսկ ճնշում է գործադրում Վրաստանի վրա՝ այսպես կոչված «երկրորդ ճակատը» բացելու համար։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը, հավելել է Արձինբան, գտնվում է Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիայի վերահսկողության տակ։