ԵՄ-ն հավանաբար հիասթափություն կապրի  Ադրբեջանից հավելյալ գազ ստանալու իր հույսերում, որը կփոխարինի Ռուսաստանից կրճատվող ներմուծումը: Թուրքիան հասկացրել է, որ ցանկացած լրացուցիչ ծավալ, որը նախատեսված է իր տարածքով տեղափոխել Հարավային միջանցքի խողովակաշարային համակարգով, փաստացի կկլանվի ինքն իր կողմից, քանի որ Անկարան իրացնում է գազի իր օրինական իրավունքը, գրում է Energy Intelligence-ը։

Բրյուսելը քարը քարի վրա չի թողել ամբողջ աշխարհում գազի եւ ՀԲԳ որոնումների հարցում: Բայց հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցն Ադրբեջան, որն ի սկզբանե արդյունք տվեց՝ մինչեւ 2027 թվականը մատակարարումները 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, այժմ կարծես թե ձախողվելու է:

Գազի նկատմամբ Թուրքիայի իրավունքն ամրագրված է Ադրբեջանի հետ միջկառավարական համաձայնագրով, որը ստորագրվել է 2012-ի հունիսին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։ Միջկառավարական համաձայնագրի 7.8-րդ հոդվածում հստակ ասվում է, որ Ադրբեջանին պատկանող եւ Հարավային միջանցքով փոխադրման համար նախատեսված գազի բոլոր լրացուցիչ ծավալները «նախ առաջարկվելու են Թուրքիայի Հանրապետությունում գնորդներին»: Թուրքիան կվերցնի այն, ինչ իր ձեռքն ընկնի, ասում են թուրք պաշտոնյաները։

Գինը նշանակություն ունի

Գինը կարեւոր գործոն է, քանի որ ռուսական գազն այժմ Թուրքիային 5 անգամ ավելի թանկ է արժենում, քան ներկրումն Ադրբեջանից։ «Գազպրոմ»-ի հետ Թուրքիայի վերջին պայմանագրերի համաձայն՝ գինը բարձրացել է մինչեւ 1000 խմ-ի դիմաց մոտ 2000 դոլար: ՀԲԳ-ը մի փոքր ավելի էժան է: Ռուսական այս նոր ծավալները 70 տոկոսով կապված են հոլանդական TTF հանգույցի հետ եւ բացարձակապես ձեռնտու չեն ադրբեջանական գազի առկա գնումների համեմատ, որոնք 100 տոկոսով կապված են նավթի հետ եւ մոտ 400 դոլար արժեն հազար խորանարդ մետրի համար:

Հարավային միջանցքին ավելորդ գազ մատակարարելը խնդիր չպետք է լինի. Անդրանատոլիական գազատարի նախագծային հզորությունը տարեկան մոտ 31 մլրդ խմ է։ Անդրադրիատիկ խողովակաշարը կառուցվել է` ակնկալելով կրկնապատկել դրա թողունակությունը` տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելով` պարզապես գազատարի էլ ավելի սեղմման հաշվին: Ընդլայնումը շարունակելու համար միայն մատակարարման ամուր համաձայնագրեր են անհրաժեշտ:

Գերմանական ընկերությունները, որոնք հետաքրքրված են ադրբեջանական գազի ներկրմամբ, ժամանել են Բաքու՝ պետական ​​Socar ընկերության հետ գազի մատակարարումների շուրջ բանակցելու հաամր՝ ֆոն դեր Լյայենի ստորագրած Փոխըմբռնման հուշագրի համաձայն։ Նրանք նույնիսկ պատրաստ էին երկարաժամկետ պայմանագրեր կնքել, ասում են աղբյուրները մերձկասպյան արդյունաբերությունից։

Սակայն Բրյուսելն այդքան հեշտությամբ չի հանձնվի։ «Հանձնաժողովը մեկնաբանություններ չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք երկկողմանի հարց են»,- Energy Intelligence-ին ասել է ԵՄ ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ, մենք նաեւ երկկողմ հուշագիր ունենք, եւ մենք ակնկալում ենք, որ դա կիրականացվի պայմանավորվածության համաձայն»:

Սակայն, ի վերջո, ԵՄ փոխըմբռնման ոչ պարտադիր հուշագիրը մեծ նշանակություն չի ունենա Թուրքիայի միջկառավարական համաձայնագրի համեմատ: Հարցը կլուծվի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Կախված Բաքվի եւ Անկարայի՝ Բրյուսելի հետ գնդակ խաղալու եւ աշխարհաքաղաքական որոշ միավորներ վաստակելու պատրաստակամությունից, հավելյալ գազի մի մասն իսկապես կարող է գնալ ԵՄ: «Սակայն առյուծի բաժինն անշուշտ Թուրքիան կստանա»,- նշել է աղբյուրներից մեկը։