Եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որը ընկալելի է ե՛ւ իրենց, ե՛ւ ընդդիմության համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

««Մասնակի իշխանափոխություն» տերմինը ես կիրառեցի՝ փորձելով իրականությունն ավելի պարզեցնել։ Ես հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատները կտրես, ինձ համար չեն քվեարկի։ Իշխանափոխությունը կարող է լինել նոր ընտրությունների կամ էլ խորհրդարանի ճանապարհով։ Եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որը ընկալելի է ե՛ւ իրենց, ե՛ւ ընդդիմության համար»,- նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ուրիշ տարբերակ կարող է լինել հանրային այնպիսի ճնշման դեպքում, որը կպարտադրի մեծամասնությանն ընտրել հանրության կողմից ցանկալի թեկնածու, ինչպես 2018 թվականին էր։

«Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքը եւ պարտադրում մեծամասնությանն իրենց թեկնածուին։ Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի։ Մենք տեսանք, որ դեռ չկա։ Կարող է վաղը լինել, այո՛։ Բոլորս էլ հասկանում ենք՝ ո՛չ ինձ կընտրեն, ո՛չ Իշխան Սաղաթելյանին, ո՛չ էլ ռադիկալ ընդդիմությունից որեւէ մեկին մինչեւ չլինի հանրային ճնշում։ Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին։ Հանրային կոնսոլիդացիային պատրաստ մարդ պետք է ընտրվի։ Բայց այդ նախաձեռնությունն արդեն պետք է գա քաղաքական մեծամասնությունից, ոչ թե մեզնից, եթե իրենք հասկանում են այս վիճակի բարդության խորությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով հարցին, թե որքան է հավանական է համարում մասնակի իշխանափոխության տարբերակը, եթե ընդդիմությունը խորհրդարան չի գնում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ մասնակի իշխանափոխությունն ընդդիմության խորհրդարան գնալ-չգնալու հետ կապ չունի։ «Նույնիսկ մասնակի իշխանափոխության տարբերակը կաշխատի միայն մեծ հանրային ճնշման պարագայում։ Ես չեմ հավատում, որ խորհդրարան գնալ-չգնալով ազդեցություն ենք ունենում նման կարգի իշխանափոխության վրա։ Միայն հանրային մեծ ճնշում է պետք երկու տարբերակների համար էլ՝ թե խորհրդարանի, թե արտահերթ ընտրությունների դեպքում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։