Ինձ համար հասկանալի չէ կորուստների այն հարաբերակցությունը, որն ունեցանք, այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանների վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը եւ դրա հետեւանքով հայկական կողմի ունեցած մարդկային կորուստներին։

«Ինձ համար հասկանալի չէ, թե Հայաստանի սահմաններին երկու տարում ինչու լուրջ բնագիծ չի կառուցվել, միայն երկու երեք հենակետ նորմալ կահավորել են՝ նկարելու եւ ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում են։ Ասում են՝ փող ունենք, իսկ ինչու՞ չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Չկա բնագիծ, որը հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը թշնամուն մեծ կորուստներ հասցնելու, քիչ կորուստներ տալու, ժամանակ շահելու համար է, որպեսզի ռեզերվները բերվեն։

Ինձ համար ավելի քան 2-3 անգամ ավելի մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան՝ 44-օրյա պատերազմից հետո որեւէ դաս չենք քաղել։ Երկու տարի անց ինչո՞ւ չունենք հարվածային անօդաչու սարքեր, հայտարարել ենք, որ փող ունենք։ Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել, մենք զենք առնում էին թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից, թե՛ Չինաստանից եւ այլ տեղերից, սա խնդիր չէ։ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ շատ է ուժեղացել, այլ լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել։ Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը»,- նշեց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը փող ունի, բայց Հայաստանին զենք վաճառող չկա, կամ դա հղի է ռիսկերով, Քոչարյանը արձագանքեց. «Ես 10 տարի նախագահ լինելով նման խնդիր չեմ ունեցել։ Ես նույնիսկ լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է այսօր նման խնդիրներ առաջանան։ Եթե դու մեկին ասում ես՝ զենք ծախի, ինքն էլ ասում է՝ որոշակի խնդիրներ կան, ու դրանից հետո դու դուրս ես գալիս խոսակցությունից ու չես շարունակում.. միգուցե այդպես են անում, ես չգիտեմ՝ ոնց են աշխատում»։

Քոչարյանը նաեւ նշեց, որ մենք ունենք եւս մեկ խնդիր. «Օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը եւ ՌԴ-ից այստեղ ռազմական օգնություն տեղափոխելը խնդիր դարձավ։ Ես այդպիսի խնդիր չեմ ունեցել 10 տարում։ Ինձնից հետո երրորդ նախագահը Ռուսաստանից գնեց ամենաժամանակակից զենքերից մեկը «Իսկանդերը»։ Ո՞նց են դա բերել Հայաստան, ինչո՞ւ էր դա հաջողվում անել  իմ ժամանակ, երրորդ նախագահի ժամանակ եւ ինչու դա պրոբլեմ դարձավ հիմա։ Ես չգիտեմ՝ այդ հարցադրումները որտեղից է գալիս։

Երբ որ Վրաստանը փակեց իր օդային տարածք, դա լուրջ ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա։ Հիմա երբ Վրաստանի վարչապետի հետ գրկվում է, այդ հարցը չե՞ն տալիս, թե պատճառն ինչն էր, որովհետեւ մենք հստակ գիտենք, որ Թուրքիան շարունակում էր զենք-զինամթերք մատակարարել Ադրբեջանին հենց այդ ժամանակահատվածում։ Երբ նայում ես քարտեզին, տեսնում ես, որ միակ ճանապարհը, որով դա կարելի էր ապահովել, Իրանն է։ Ինչու չեք օգտվում այդ հնաարավորությունից։ Ռուսաստանն այսօր Պարսկաստանից ԱԹՍ-ներ է գնում, մենք ինչու մինչեւ հիմա չունենք հարվածային անօդաչու սարքեր, երբ մեր հարեւանն ունի բավական մեծ տեսականի եւ ասում են՝ բավական որակյալ է։

Ի՞նչն է պատճառը. Ցանկությունը։ Հիմա եթե դու հայտարարել ես խաղաղության դարաշրջան, եթե այդ հաշվարկները չես անում, ասում ես՝ դե ինչի՞ բանակի վրա փող ծախսեմ, հենա խաղաղություն է լինելու, էդ գումարները պահեմ ուրիշ նպատակների համար, իհարկե, այս վիճակն ես ունենալու։ Դրա համար պետք է այդ թեզը հողին հանձնել, եւ փորձել ամեն ինչ անել, որ երկիրը ոտքի կանգնի»։