Միացյալ Նահանգները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ այդ կղզեպետությունների առաջին գագաթաժողովի ընթացքում կհայտարարի Խաղաղ օվկիանոսի կղզեպետություններին «ավելի շատ դոլարով» օգնելու մասին։ Վաշինգտոնը հույս ունի, որ այս հանդիպումը կօգնի դիմակայել Չինաստանի աճող ազդեցությանը աշխարհաքաղաքական մրցակցության նոր թատերաբեմում, տեղեկացրել է Reuters-ը։

Սպասվում է, որ Վաշինգտոնում կայանալիք երկօրյա գագաթաժողովին կմասնակցեն Խաղաղ օվկիանոսի 12 կղզեպետությունների ղեկավարները, իսկ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան կմասնակցեն որպես դիտորդներ։

Սպիտակ տան Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով համակարգող Կուրտ Քեմփբելը անցած շաբաթ հայտարարել էր, որ գագաթաժողովը նվիրված է լինելու այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը եւ առողջությունը, եւ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցներն ուշադրությունը կենտրոնացրել են ծովային, կղզեպետությունների հետ հաղորդակցությունների անվտանգության բարձրացման վրա այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Ճապոնիան, Ավստրալիան եւ Հնդկաստանը։

Ղեկավարներին կընդունեն ամբողջ Վաշինգտոնում, այդ թվում Պետդեպարտամենտում, Կոնգրեսում, ափային պահպանության կենտրոնատեղիում եւ Սպիտակ տանը։ Չորեքշաբթի Վաշինգտոնը մանրամասն կներկայացնի նաեւ նոր ռազմավարություն հատուկ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Պաշտոնյան նշել է, որ Վաշինգտոնը երկար տարիներ բավականաչափ ուշադրություն չի հատկացրել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին եւ սերտորեն համագործակցել է դաշնակից երկրների եւ գործընկեր երկրների հետ, «որպեսզի ավելի շատ ռեսուրսներ ավելացնի, ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ դիվանագիտական փոխգործակցություն»։ «Մենք ավելի մեծ թվով դոլարներ կունենանք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դրանց մասին կհայտարարվի չորեքշաբթի։

«Մենք ձգտում էինք մեր ռազմավարությունը համապատասխանեցնել նրանց նպատակներին եւ խնդիրներին»,- ասել է նա՝ նկատի ոնենալով մինչեւ 2050թ. «Կապույտ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան» ռազմավարությունը, որի մասին հայտարարել են խաղաղօվկիանոսյան երկրների ղեկավարները. դրանում առաջնահերթ է համարվում կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Ռազմավարական մրցակցությունը Խաղաղ օվկիանոսում կտրուկ սրվել է այս տարի, այն բանից հետո, երբ Չինաստանը Սողոմոնյան կղզիների հետ  ստորագրել է անվտանգության մասին համաձայնագիր։