ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներին առաջարկել է զբաղվել Վրաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակով։ Վրաստանի սահմանին գտնվող ՌԴ քաղաքացիներին, իբր, առաջարկում են  հակառուսական «փաստաթղթեր» ստորագրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե դա այդպես է, եւ մեր քաղաքացիները ստորագրեն այս փաստաթուղթը, դա ակնհայտ հանցագործություն է։ Սրանով մենք պետք է զբաղվենք»,- ասել է Վոլոդինը։  

Վոլոդինը մեջբերել է «փաստաթղթի» կետերը, որոնց համաձայն՝ ճանապարհորդը պետք է համաձայնի, որ Ռուսաստանի Դաշնությունը «ագրեսոր երկիր» է եւ խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ընդունի, որ դատապարտում է Ռուսաստանի գործողությունները «անկախ պետությունների դեմ»։

«Նրանք , ովքեր հեռացել են, արդեն դավաճանել են։ Բայց մենք պետք է նրանց ասենք, որ նրանք բազմաթիվ հանցագործություններ են կատարել իրենց երկրի, ժողովրդի հանդեպ եւ պետք է պատժվեն»,-հավելել է Վոլոդինը։