ՀՀ իշխանությունները պետք է վթարային շենքերի կառավարման ծրագիր կազմեն։ Այս մասին սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանը։
Այդպես, մարզպետարանների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի տվյալներով, Հայաստանում կա քանդման ենթակա 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային 600-ից ավելի բազմահարկ շենք։ Դա հանրապետության բոլոր բարձրահարկ շենքերի 3 տոկոսից մի փոքր ավել է։
«Այդ շենքերի մեծ մասը գտնվում է Երեւանում, ինչպես նաեւ հանրապետության Շիրակի եւ Լոռու մարզերում»,- նշել է Ղուլարյանը։
Բարձրահարկ շենքերից բացի, հանրապետությունում կա նաեւ շուրջ 1200 վթարային սեփական տուն։
Այսպիսով, ըստ օրինագծի, քաղաքաշինության կոմիտեն պետք է համապատասխան ծրագիր կազմի, իսկ 2022-2023 թթ. ՀՀ կառավարությունը կսկսի այն իրականացնել։ Կոմիտեի առաջարկով կորոշվի շենքերն ամրացնել, թե՞ քանդել։ Կորոշվի նաեւ, թե ում հաշվին է այդ ամենն արվելու։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի կողմից։