Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատի հետ։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, կարևորել միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։

Գրիգորյանը Ռեժիս Բրիլլատին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ որպես Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը, իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, վերհանված խնդիրներն ու արձանագրվող հիմնական խախտումները՝ ընդգծելով նաև պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում գրանցած առաջընթացը:

Պաշտպանը անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան և արտահերթ զեկույցներով վերհանված համակարգային խնդիրներին:

Ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից սեպտեմբերի 16-ին հրապարակված արտահերթ զեկույցը՝ Պաշտպանը մատնանշել և հստակ օրինակներով գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմի, այնպես էլ վերջին ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումները, զոհված զինծառայողների, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները:

Գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատը ներկայացրել է Կոմիտեի մանդատի առանձնահատկությունները, մատնանշել Կոմիտեի կողմից Հայաստանին արված առաջակությունների իրականացման նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկման կարևորությունը: Գործադիր քարտուղարը տեղեկացրել է Պաշտպանին 2023թ. նախատեսվող Հայաստան մոնիթորինգային այցի մասին: