Մեր խնդիրը կառավարության հետ է, որն ամեն օր մեզ խաբում ճանապարհում է. Անցած տարի մի կերպ համոզեցին, որ 130 դրամով գյուղացիները խաղողը մթերեն, այս տարի ավելի ցածր են առաջարկում, մինչդեռ ամեն բան թանկացել է, այդ թվում վառելիքը, պարարտանյութը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության դիմաց Արմավիրի մարզի խաղողագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մենք էկոնոմիկայի նախարարի հետ նստել հաշվել ենք, խաղողի ինքնարժեքը կազմում է 120 դրամ:

Իմ ընտանիքից 4 հոգի աշխատում է խաղողի մշակման վրա: Մենք 8 ամիս աշխատել ենք, ես ծախսել եմ X գումար, օրինակ 6 մլն դրամ: Հիմա ինքն առաջարկում է 6 մլն դրամով գնենք: Սա նշանակում է, որ այդ 4 հոգու աշխատավարձը հավասարեցնում է զրոյի:  Բացի այդ, այդ 6 մլն-ը ես պարտքով եմ արել, հիմա հայտնվելու եմ սեւ ցուցակներում, եթե չվճարեմ: Դեմն էլ ձմեռ է: Փաստորեն, ես մինուսով եմ դուրս եկել, իսկ նախորդ տարվանից էլ խնայած գումար չունեմ, որովհետեւ անցած տարի մթերել են 130 դրամով:

Քերոբյանն ասել է՝ հաստատ այդ 120 դրամից բարձր է լինելու, որ ձեզ էլ եկամուտ մնա: Ուրբաթ օրը մարզպետը մեզ ասաց, որ 120 դրամ է որոշվել մթերման գինը, որին մենք բնականաբար համաձայն չէինք: Հետո մենք եկանք կառավարություն, մարզպետին էլ շնորհակալություն էինք ասել, քանի որ մինչ այդ 100 դրամ էին ասել:

Եկանք կառավարություն, պարոն Քերոբյանն ասում է՝ պատերազմ է, էս ա, էն ա: Այո, պատերազմ է, բա մենք ի՞նչ անենք, ծախենք, թողնենք, գնա՞նք, խաղողագործությամբ չզբաղվե՞նք»,-ասաց գյուղացին:

Նա նաեւ հավելեց, որ այս պահին Արմավիրի մարզպետը բարձրացել է կառավարության շենք. «Պետք է պատասխան տան մեզ, ճիշտն ասած, ես լավ պատասխան չեմ ակնկալում, դեռ սպասում ենք: Այնպես չի, որ էլի կգան մի բան կասեն, կճանապարհեն: Եթե փորձեն էլի խաբել, ճանապարհել, ուրիշ միջոցներ կձեռնարկենք: Եթե կառավարությունը մեզ ասելու է 120 դրամ կամ ավելի պակաս, կհավաքենք խաղողը, կբերենք այստեղ կլցնենք, թող օգտվեն իրենք այդ խաղողից: Ինչի՞ համար է պետությունը նստել իմ վզին»,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում