Էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումների մասին մտահոգությունները չպետք է ազդեն օպերատորների գործունեության վրա։ Այս մասին հայտարարել է BVEG ասոցիացիայի ղեկավար Լյուդվիգ Մյորինգը՝ ելույթ ունենալով գազային Handelsblatt երկօրյա գագաթաժողովում եւ մեկնաբանելով «Հյուսիսային հոսք»-ի գազատարներում արտահոսքերը, փոխանցում է Reuters-ը։

Եվրամիության մի քանի պետություններ հայտարարել են, որ «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարների արտահոսքերը, հավանաբար, սաբոտաժի հետեւանք են:

Ենթակառուցվածքների վրա հարձակումների վախը կարող է վնաս հասցնել արդյունաբերական շատ ոլորտներին, ասել է Լյուդվիգ Մյորինգը: «Եթե մենք (սա) Գերմանիայում տնտեսական ակտիվության չափանիշ դարձնենք, կարող եմ հիշել բազմաթիվ ընկերությունների, որոնց մասին ես կասեի՝ օ, տղաներ, այս դեպքում ավելի լավ է միանգամից հանձնվել»,- ասել է նա: «Չեմ կարծում, որ դա մեր արածի հիմքն է»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ ենթադրյալ հարձակումները նավթի եւ գազի արդյունահանման հետ կապված լրացուցիչ հարցեր չեն առաջացնում։

BVEG-ը միավորում է 78 ընկերությունների, որոնք զբաղվում են Գերմանիայում մնացորդային գազի եւ նավթի արդյունահանմամբ, դրանց թվում են՝ Neptune Energy-ն, Vermilion Energy-ն, Wintershall Dea-ն եւ BEB-ը, ExxonMobil-ի եւ Shell-ի համատեղ ձեռնարկությունը:

2021 թվականին ընկերությունները հասել են 1,9 միլիարդ եվրոյի շրջանառության։