3,5 հա այգի ենք մշակել, 8 ամիս աշխատել ենք, գոնե կարողանանք մթերել խաղողը, որ ձմեռը դիմանանք, որ գարնանը էլի խաղող մշակենք, բայց այսօր փաստի առաջ ենք կանգնել, խաղողը  մնացել է, չգիտենք՝ ինչ անել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության դիմաց Արմավիրի մարզի խաղողագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Եթե մի 10 օր էլ չմթերեցինք, խաղողը դառնում է չամիչ, բամբակ, քաշ էլ չի ունենալու: Այսօր անկման մեջ ենք, ոչ մեկը չի գալիս գյուղացու կողքը կանգնի: Պարարտանյութ, բուժանյութը թանկացել է, չգիտենք՝ ոնց ենք անելու:

Հիմնական հարցը մթերման գինն է, այնպես լինի, որ մենք էլ կարողանանք ապրել: Այսօր բանվորին տանում ես բերքահավաքի, օրական 8 հազար դրամ փող է ուզում: Ամեն ինչը թանկացել է, ջուրը, հողի վարձը, ամեն ինչը թանկ է: Իսկ այսօր մեր բերքը մնացել է դաշտում: Ես 2,8 մլն դրամ փող եմ ծախսել, բանկից զանգում են, ասում եմ՝ խաղողը դեռ չեմ մթերել, որ փողը տամ: 8 ամիս խաղող եմ մշակել, մի կոպեկ փող չեմ ստացել, հույսը խաղողը մթերելն է, բայց մեզ փակուղու առաջ են կանգնացնում»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ գյուղացիենրի նախորդ տարի խաղողը մթերել են 130 դրամով, այս տարի ինքնարժեքը միայն 120 դրամ է, սակայն իրենց առաջարկում են մթերել 120 դրամից էլ ցածր գնով: