440 միլիոն տարվա վաղեմություն ունեցող ձկների բրածոները օգնում են «լրացնել որոշ հիմնական բացերը» այն հարցում, թե ինչպես են մարդիկ առաջացել ձկներից, չորեքշաբթի հայտարարել են հետազոտողները:

Չինաստանի հարավում գտնվող Գույչժոուում եւ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Չունցին քաղաքում հնագույն ձկների բրածոների երկու վայր են գիտնականները հայտնաբերել 2019 թվականին դաշտային հետազոտությունների ժամանակ:

Բրածոները «օգնում են հետեւել մարդու մարմնի բազմաթիվ կառուցվածքներին մինչեւ հնագույն ձկները՝ մոտ 440 միլիոն տարի առաջ, եւ լրացնում են «ձկից մարդուն անցման» էվոլյուցիայի որոշ հիմնական բացերը», հայտարարել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի ողնաշարավորների եւ պալեոանտրոպոլոգիայի ինստիտուտի հետազոտողները:

Նրանց եզրակացությունները, որոնք, նրանց խոսքով, «էվոլյուցիոն ուղու հավելյալ երկաթյա ապացույցներ են տալիս», հրապարակվել են Nature ամսագրի չորս հոդվածներում:

Բրածոների չունցինյան հանքավայրում գտնվել է ականտոդիան ձուկը, որի լողակների շուրջը ոսկրային զրահ կա, եւ որը համարվում է ծնոտներով ու ողնաշարով արարածների, այդ թվում՝ մարդկանց նախահայրը:

2013 թվականին գիտնականները հայտարարել են, որ Չինաստանում հայտնաբերել են 419 միլիոն տարվա վաղեմության ձկան բրածո, որը հերքում է վաղուց գոյություն ունեցող տեսությունը, ըստ որի ոսկրային կմախքով ժամանակակից կենդանիները (օստեիխտիանները) առաջացել են շնաձկնանաան արարածից՝ աճառի կարկասով:

Նոր հայտնաբերված արարածը, որը ստացել է Fanjingshania անվանումը, նախորդում է հնագույն բրածո ձկներին մոտ 15 միլիոն տարով, ասվում է հետազոտության մեջ:

«Սա ամենահին ծնոտով ձուկն է՝ հայտնի անատոմիայով»,- ասում է առաջատար հետազոտող Չժու Մինը:

Չունցինի բրածոները աշխարհում միակն են, որոնք թվագրվում են մոտ 440 միլիոն տարի առաջ, որոնք «պահպանում են ձկան ամբողջական ծնոտները՝ գլխից մինչեւ պոչը», ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հազվագյուտ ժամանակաշրջանի մասին, որը համարվում է «ձկների արշալույսը», ասում են գիտնականները: