Կառավարությունը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել. Ադրբեջանն իր այս սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացրել ԶՈՒ բարեփոխումները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով եւ փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է:

Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը, բայց ամեն դեպքում, ուզում եմ ընդգծել նաեւ, որ մենք պետք է խորապես հասկանանք եւս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: Բայց ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Փառք բոլոր հերոսներին, որոնք կանգնած են Հայաստանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: