ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդիին 1968թ. սպանած Սիրհան Սիրհանի փաստաբանը դատավորին խնդրել է ազատ արձակել նրան։ Դատարանին ուղղված իր տեսաուղերձում Սիրհանը հավաստիացրել է, որ ամեն օր խղճի խայթ է զգում այդ արարքի համար եւ ցանկանում է «վերադառնալ տուն, եղբոր մոտ եւ մնացած կյանքն ապրել հանգստության մեջ», տեղեկացրել է AP-ը։

78-ամյա Սիրհանը բանտում անցկացրել է 54 տարի։ «Ես կյանքս նվիրել եմ ինքնակատարելագործմանը, մյուս բանտարկյալներին սովորեցնելով, թե ինչպես բռնության վրա չհիմնված խաղաղ կյանքով ապրեն»,- ասել է նա։

Սիրհանը Քենեդիին սպանել էր մի քանի վայրկյան հետո, երբ ԱՄՆ սենատորը (Նյու Յորքից) հայտնել էր նախագահական ընտրություններում Կալիֆոռնիայում դեմոկրատների հաղթանակի մասին։ Նա Լոս Անջելեսի  «Ամբասադոր» հյուրանոցում հրաձգության ժամանակ վիրավորել էր հինգ մարդու։

Սկզբում Սիրհանը դատապարտվել էր մահապատժի, բայց այդ դատավճիռը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ, երբ Կալիֆոռնիայի գերագույն դատարանը ոչ երկար ժամանակով մահապատիժը օրենքից դուրս էր հայտարարել 1972թ.։

15 անգամ մերժել են ժամկետից շուտ պայմանական ազատ արձակելու նրա խնդրանքը, մինչեւ որ անցած տարի խորհուրդը երաշխավորել է ազատ արձակել նրան։ Բայց Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսամը մերժել է երաշխավորությունը՝ հայտարարելով, որ Սիրհանը սպառնալիք է մնում հասարակության համար եւ չի ստանձնել այն հանցագործության պատասխանատվությունը, որը փոխել է ամերիկյան պատմությունը։

Սիրհանի փաստաբան Անջելա Բերին չորեքշաբթի խնդրագիր է ներկայացրել Լոս Անջելեսի օկրուգի գերագույն դատարանի դատավորին՝ խնդրելով չեղարկել Նյուսամի որոշումը։ Նա ասել է, որ չկա որեւէ ապացույց, որ Սիրհանը դեռ վտանգավոր է։

Սիրհանի կրտսեր եղբայրը՝ Մունիր Սիրհանը, ասել է, որ եղբայրը կարող է ապրել իր հետ Փասադենայում (Կալիֆոռնիայի նահանգ), եթե ժամանակից շուտ պայմանական ազատ արձակվի։