Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը։

32–ամյա Նահապետը Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Նահապետը 44–օրյա պատերազմի մասնակից էր։

Համայնքի վարչական ղեկավար Վահանիկ Մարկոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Նահապետը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ՝ հակառակորդի կողմից իրականացրած ագրեսիայի հետեւանքով։

Նահապետ Մարգարյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28–ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 28–ին, ժամը  22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել էր: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն է իրականացրել եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ  հասցրել:

«Ընդ որում,  ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում եւ Ադրբեջանի ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն  ՀՀ տարածքից»,- նշեց  Նիկոլ Փաշինյանը։