2023-ի բյուջեում 21 մլրդ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի ավելացման համար: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, ավելացման վերաբերյալ առաջիկայում կներկայացնեն մանրամասն պարզաբանումներ. «Դրա հիմքում դրված է հետեւյալ սկզբունքը. Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներկայումս սահմանված է 2 հիմնական մոտեցում. Առաջին դեպքում սահմանված է բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձ եւ դրանց գումարվող որոշակի պարգեւավճարներ: Երկրորդ  դեպքում բազային աշխատավաձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձերին գումարվում են սահմանված հավելավճարներ: Նախատեսվող բփոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որը ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում եւ ներկայումս սահմանված է 66 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 200 դրամ: Այս աշխատավարձի բարձրացումը որոշ չափով փոխհատուցվելու է պարգեւավճարների եւ հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: 2023-ին ավելի քիչ պարգեւավճարներ եւ հավելավճարներ են լինելու»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: