ՆԱՏՕ-ն «ջախջախիչ» պատասխան կտա Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն ամերիկյան NBC News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման պատասխանը պետք է կոշտ լինի։ 

Նա նաեւ նշել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարների արտահոսքի պատճառը «կպարզվի քննիչների կողմից»։ «Վարկածը, որ ռուսական ծառայություններն են կանգնած արտահոսքի հետեւում, ավելի ու ավելի հավանական է թվում: Ռուսաստանը կարող է վնասել խողովակաշարերը՝ խորացնելու եվրոպական տարաձայնությունները էներգետիկ անվտանգության շուրջ»։

Լեհաստանի արտգործնախարարը հավելել է, որ Կրեմլը «կարող է ձգտել վախեցնել Եվրոպային»՝ ցույց տալով, որ «Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը երաշխավորված չէ, քանի որ եթե դուք կարող եք վնասել «Հյուսիսային հոսք» գազատարը, ապա նույնը կարելի է անել Բալթյան խողովակի հետ»,-հավելել է նա։

Միաժամանակ Ռաուն քննադատել է Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն, ով Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին գազատարների արտահոսքի համար։ «ՆԱՏՕ-ի երկրների դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմում Ռադոսլավ Սիկորսկին սխալ կողմն է բռնել»,-ասել է Ռաուն։