ԵՄ ղեկավարները հաջորդ շաբաթ քննարկելու են այն, ինչը Բրյուսելն անվանել է «սաբոտաժի ակտ» «Հյուսիսային հոսք» ստորջրյա գազատարներում, ասել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ այս միջադեպը «արմատապես փոխել է հակամարտության բնույթն Ուկրաինայում», տեղեկացրել է Reuters-ը։

«Գրոհը ռազմավարական ենթակառուցվածքի դեմ նշանակում է, որ ռազմավարական ենթակառուցվածքն ամբողջ ԵՄ-ում պետք է պաշտպանվի»,- ասել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը Բրյուսելում։ «Դա արմատապես փոխում է հակամարտության բնույթը, ինչպես տեսել ենք այն մինչեւ հիմա, ճիշտ այնպես, ինչպես զորահավաքը... եւ գուցե հնարավոր անեքսիան»,- ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Ռուսաստանի հայտարարած մասնակի զորահավաքը եւ ՌԴ-ին ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի միանալու հանրաքվեները։

Պատերազմն Ուկրաինայում եւ էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում պետք է դառնան հոկտեմբերի 7-ին ԵՄ-ի Պրահայի գագաթաժողովի գլխավոր թեմաները։

Եվրամիությունը չորեքշաբթի նախազգուշացրել էր «վճռական եւ միասնական պատասխանի մասին» «նոր գրոհների» դեպքում եւ ընդգծել իր էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության անհրաժեշտությունը, բայց ԵՄ պաշտոնատար անձինք խուսափում են նշել սաբոտաժի հնարավոր մեղավորներին։

Հաջորդ շաբաթ ԵՄ ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ներառյալ ավելի կոշտ առեւտրային սահմանափակումները եւ նավթի գների սահմանափակումը երրորդ երկրների համար։

ԵՄ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ սպասում է, որ միության 27 երկրները կհամաձայնեցնեն փաթեթի որոշ մասերը մինչեւ Պրահայի գագաթաժողովը։

Նա ավելացրել է, որ մյուս թեմաները, ինչպիսին են նավթի գների սահմանափակումը եւ բանկերի դեմ պատժամիջոցները, կարող են չհամաձայնեցնել մինչեւ գագաթաժողովը։