Մեր տան միայն պատուհաններն են կոտրվել, բայց տներ կան, որ վառվել են, փլվել են. ես հասցրել եմ ընտանիքիս վերցրել եմ ու դուրս եմ եկել, մնացածը չգիտեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Գեղարքունիքի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում նշեց Սոթքի բնակիչներից Սարգիս Աբրահամյանը:

«Ես հիմա ընտանիքիս հետ ապրում եմ Վարդենիսում՝ ընկերոջս տանը: Ցերեկը գալիս եմ, կարտոֆիլ քանդում, տանում եմ, բայց գիշերը չեմ մնում: Հազիվ են ժողովուրդը փրկվել, հեռացել, հիմա էլ տուն չունեն, չեն կարող վերադառնալ, ապրել: Դեռ ոչ ոք գյուղում չի մնում: Ընկերոջս տանը շատ են, մի կերպ տեղավորվել ենք, ապրում ենք: Եթե չկարգավորվի, հետ չենք գա»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնեց,ո ր միայն Սոթքում 148 տուն է վնասվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: