ՄԱԿ-ում իրանական առաքելությունը նախազգուշացրել է Արաբական Միացյալ Էմիրություններին, որ Պարսից ծոցի երեք կղզիների՝ Աբու Մուսայի, Մեծ Թունբի եւ Փոքր Թունբի նկատմամբ հավակնությունները հավասարազոր են ոտնձգության Իրանի տարածքային ամբողջականության դեմ, հաղորդում է Press TV-ն։

Իրանական առաքելությունը նախազգուշացում է տարածել Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ տարեկան հանդիպման ավարտին ընթերցված հայտարարության մեջ։

Հայտարարությունը հնչել է ի պատասխան ԱՄԷ միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ Էբրահիմ Ալ-Հաշիմիի խոսքերի, որը համաշխարհային կառույցում իր ելույթի ժամանակ ասել է, թե Աբու Դաբին «օրինական պահանջ» ունի երեք կղզիների նկատմամբ։

«Էմիրաթցի պաշտոնյայի պնդումները եւ Պարսից ծոցում իրանական կղզիների վերաբերյալ չհիմնավորված հայտարարությունների կրկնությունը նշանակում է հարձակում Իրանի տարածքային ամբողջականության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Այնտեղ ասվում է նաեւ, որ Իրանը նման «անպատասխանատու» հայտարարությունները համարում է իր ներքին գործերին միջամտություն եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ բարիդրացիության սկզբունքի խախտում։

Սա առաջին դեպքը չէ, երբ Աբու Դաբին հայտարարում է կղզիների նկատմամբ իր իրավունքի մասին։

Թեհրանն իր հերթին մշտապես ընդգծում է կղզիների նկատմամբ իր սեփականության իրավունքը՝ հղում անելով պատմական փաստերին, որոնք վերագրվում են այն ժամանակներին, երբ ԱՄԷ-ն դեռեւս ստեղծված չէր:

Կղզիների նկատմամբ իր իրավունքի հաստատմանը զուգահեռ՝ ԻԻՀ-ն հայտարարում է, որ մշտապես ձգտում է բարեկամության քաղաքականություն վարել իր բոլոր հարեւանների, այդ թվում՝ Էմիրությունների հետ, եւ պատրաստակամություն է հայտնում պահպանել ու ամրապնդել հարաբերությունները նրա հետ։