Սեպտեմբերի 13-ին, ադրբեջանի հարձակման պահին մեր տանը  երեք անչափահաս երեխա է եղել՝ 18-ամյա տղաս, երկու թոռնիկներս ու փոքր տղաս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Գեղարքունիքի Սոթք համայնքում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սոթքի բնակիչներից Քրսիտինե Մեդյանը:

«12.05 րոպե սկսվել են կրակոցները, մինչեւ 12.30 եղել ենք գյուղում, մեր գյուղից մի երիտասարդ կա՝ Հրաչ Բադեյան, ինքն է եկել, օգնել, տնից տարել: Ժամանակավոր Վարդենիսում բարեկամների տուն ենք գնացել: Հիմա արդեն Վարդենիսում վարձով ենք ապրում: ժամանակավոր վարձով մնում ենք, մինչեւ այստեղ կապահովեն երեխաների անվտանգությունը:  Ամեն առավոտ գալիս եմ, երեկոյան գնում եմ, այստեղ զոհված տղա ունեմ, գերեզմանոցն այստեղ է: Բացի այդ, գյուղապետարանի դիմաց իր անունով հուշաքար կա տեղադրված: 44-օրյայի ժամանակ է զոհվել: Գերեզմանոցը դիրքերի մոտ է, դե հլա վոր ռիսկով ապրում ենք: Երեխեքս էլ են ուզում հետ գալ, անգամ ամենաշատ վնասված տան տերն է ուզում վերադառնալ»,-ասաց նա:

Քրիստինեն նշեց, որ գյուղի դպրոցում 160 աշակերտ է եղել, երեխաների մեծ մասը կրկին ուզում է այստեղ դպրոց հաճախել, հիմա օնլայն են սովորում:

«Մյուս շաբաթ հույս կա, որ դպրոցը բացվելու է: Հիմա կարտոֆիլը հավաքելու սեզոնն է, մարդիկ գալիս, հավաքում են: Այստեղ ժողովուրդը անասուն է պահել, հիմա դա էլ է վտանգավոր դարձել, ամեն ինչն էլ վտանգավոր է դարձել: Մենակ թողնեն ապրենք, մենք զրոյից ամեն ինչ կսկսենք, էստեղից ոչ մի տեղ չենք գնալու: Միայն անվտանգությունն ապահովեն: Այս պահին էլ երեխեքը տան բակում խաղում են»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնեց,ո ր միայն Սոթքում 148 տուն է վնասվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: