Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը միշտ կլինի։ Դրա համար անհրաժեշտ են միջազգային դիտորդներ։ Այս մասին սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածությունն առաջացել է առաջնագծում ինժեներական աշխատանքների ժամանակ։ Այդ աշխատանքներն իրականացվում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։

«Հաճախ դրանք անմիջապես միմյանց մոտ են գտնվում, եւ դրա պատճառով պարբերաբար կոնֆլիկտներ կծագեն։ Սա հղի է բախումները լայնամասշտաբ պատերազմի վերածվելով։ Այս տեսակետից դիտորդների տեղակայումը կարող էր լիցքաթափել իրավիճակը»,- կարծում է հանձնաժողովի նախագահը։

Պատգամավորը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենք կարող էին նման առաջարկով հանդես գալ։

«Նրանք հիմա էլ կարող են ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի նա վերջնականապես համաձայնի լուծել խնդիրը։ Դիտորդական առաքելությունը չի նշանակում, որ միջազգային դիտորդները կգան եւ կկանգնեն երկու հակամարտող երկրների զորքերի միջեւ։ Սա հսկողության համակարգերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործում է։ Նրանք կկարողանան հետեւել եւ արձանագրել խախտման փաստը՝ բացահայտելով իրական մեղավորին»,- պարզաբանել է Քոչարյանը։