Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով, մենք ունենք երեք բնակավայրերում ավերածություններ. Դպրոցներն են վնասվել, մանկապարտեզներ, տները, քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«148 բնակարան վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում եւ երկուսը՝ Վերին Շորժայում: Այս պահի դրությամբ գրեթե բոլորի մասով ունենք կարիքների գնահատման թերթիկներ:Սոթքում 7 տուն ամբղջությամբ ավերված է եւ նորի կառուցման խնդիր ունենք: Առաջիկա օրերին կլինեն արդեն փոխանցումները բնակիչներին, որ սկսեն իրենց բնակարանների վերականգնման աշխատանքները:

Այդ օրերին ռմբակոծությունների հետեւանքով 12 բնակավայրերի բոլոր դպրոցներում, նաեւ Ճամբարակ խոշորացված համայնքի դպրոցներում ամբողջությամբ դասապրոցես չի իրականացվել: 7702 աշակերտ չի հաճախել դպրոց, 887 երեխա չի հաճախել մանկապարտեզ: Այս պահին 12 դպրոցներում դեռեւս դասեր չկան՝ անվտանգության ծխնդիրները հաշվի առնելով; Այդ դպրոցների աշակերտների թիվը 1245 է»,-ասաց նա:

Մարզպետի խոսքով, ռմբակոծությունները սկսվելուց հետո իրենք կարողացել են տարհանման որոշակի աշխատանքներ կազմակերպել, եւ դա է եղել պատճառը, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհ չենք ունեցել:

«Սակայն ունեցել ենք 10-ից ավելի վիրավորներ, մեկ ծանր վիրավորում, երկու միջին ծանրության, մնացածը եղել են թեթեւ վնասվածքներ: Ներկա պահին Ադրբեջանի զորքերի մեր ինքնիշխան տարածքում գտնվելու պատճառով գյուղատնտեսական աշխատանքների վրա են մեծ ազդեցություն թողնում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 3 հազար հա ցանքատարածություն չի մշակվել:

Այս պահին կա վտանգ, որ ցանքատարածություններում դժվարությամբ կկարողանան բերքահավաք իրականացնել: Մարեպատարնն ու համայնքապետարանը անում են ամեն հնարավոր, որ բնակչությունը կարողանա բերքահավաքը կազմակերպել»,-ասաց նա:

Իսկ իր խոսքը վերջում մարզպետը վստահեցրեց ներկաներին, որ գեղարքունիքցին երկու ոտքով ամուր կանգնած է իր հողի վրա, եւ պատրաստ է մինչեւ վերջ կանգնել ու պայքարել իր հողի համար:

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնեց,ո ր միայն Սոթքում 148 տուն է վնասվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: