Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը։ Այս մասին Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա հայտնեց, որ ՀՀ–ն բավական էլեկտրաէներգիա է արտահանում դեպի Իրան։

«Սկզբից կարող է թվալ, որ պատահաբար է այն հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում եւ կրկին վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել եւ կիսով չափ այն աշխատեցնել, ինչպես նաեւ Երեւանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ»,-ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով` դիտավորյալ խախտվել է Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։ Սա, ըստ նախարարի, տիպիկ նկարագրում է, որ հստակ թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սանոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել էին նաեւ Կեչուտի ջրամբարը, սակայն, բարեբախտաբար, վնասներ չկան, քանի որ արկերը հայտնվել էին ջրամբարի մեջ։