Գերմանիայի անվտանգության մարմինները համոզված են, որ Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» գազատարները վնասելու համար բարձր արդյունավետությամբ պայթուցիկ սարքեր են անհրաժեշտ։

Ըստ Spiegel-ի՝ հաշվարկվել է, որ խողովակները ոչնչացնելու համար 500 կիլոգրամ տրոտիլի ազդեցության հետ համեմատելի պայթուցիկ սարքեր պետք է օգտագործվեին։

Գնահատումը ներառել է նաեւ տարբեր չափիչ կայանների կողմից գրանցված սեյսմիկ ազդանշաններ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ճյուղերից մեկում (գիծ A) ճնշման նվազում է նկատվել։ Միջադեպը տեղի է ունեցել Բորնհոլմից հարավ-արեւելք՝ Դանիայի ԲՏԳ-ում։

Դրանից հետո ԶԼՄ-ները հայտնել են «Հյուսիսային հոսք 1» գազատարի երկու ճյուղերում ճնշման անկման մասին։

Այսօր Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտարարել է, որ վնասված «Հյուսիսային հոսք»-ի գազատարներից չորրորդ արտահոսքն է հայտնաբերել։

Եվրամիությունը կասկածում է, որ Ռուսաստանի ստորջրյա խողովակաշարերից դեպի Եվրոպա արտահոսքի պատճառը սաբոտաժն է, եւ խոստացել է «կոշտ» պատասխան տալ իր էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած միտումնավոր խափանմանը:

Իր հերթին Կրեմլը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքի» հետ կապված միջադեպը կարող է ահաբեկչություն լինել։