Թուրքիան կավելացնի իր ռազմական ներկայությունը Կիպրոսում եւ կմատակարարի բոլոր անհրաժեշտ զինատեսակները կղզու օկուպացված հյուսիսային հատվածին՝ կիպրոսցի թուրքերի շահերը պաշտպանելու համար։ Այս մասին Փամուկքալեի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ ասել է, որ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կղզու թուրքական համայնքի շահերը պաշտպանելու համար։

«Նույնիսկ եթե ամբողջ աշխարհը կանգնի մեր ճանապարհին, Թուրքիան հետ չի կանգնի իր դիրքորոշումից եւ կպաշտպանի իր շահերը Կիպրոսում, ինչպես նաեւ Էգեյան եւ Միջերկրական ծովերում»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաեւ քննադատել է ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը, որոնք վերացրել են Կիպրոսի օկուպացված հատված զենքի մատակարարման էմբարգոն։

Չավուշօղլուն մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ իր վերջին զրույցից։ «Ես Բլինքենին առաջարկեցի ցանկության դեպքում ֆինանսական օգնություն ցուցաբերել կիպրահույներին, բայց զենք չմատակարարել՝ բացահայտ հարցնելով՝ ո՞ւմ դեմ եք զինում [Նիկոսիային]»,- ասել է թուրք նախարարը։

Նրա խոսքով, ԱՄՆ գործողությունների պատասխանը կլինի Կիպրոսի հյուսիսում Թուրքիայի ռազմական հզորության կուտակումը։

Չավուշօղլուն ասել է, որ Անկարան օգտագործում է բոլոր լծակները՝ Կիպրոսի օկուպացված հատվածին աջակցելու համար։ «Մենք ուժեղ ենք ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ «դաշտում»»։