Ադրբեջանի ճնշումը, հնարավոր է, շարունակվի, եւ որքան էլ ցինիկ հնչի, գործող իշխանություններին այն նույնպես ձեռնտու է, որպեսզի կոտրի հանրության դիմադրությունը եւ ստիպի հաշտվել խաղաղության պայմանագրի կետերի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա պարզաբանեց, որ Ադրբեջանին անհրաժեշտ է միջանցք, որի արդյունքում Հայաստանը կկորցնի ողջ Սյունիքը, որով կանցնեն գազատարներն ու նավթատարները։ Այս ծրագրի հետեւում կանգնած են ուժեղ տերություններ, որոնք աջակցում են Ադրբեջանին։

«Բաքուն նաեւ 2020 թվականին գիտեր, որ ինքը դիվանագիտական տանիք ունի։ Դրա դրսեւորումը Մեծ Բրիտանիայի վետոն էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա։ Ադրբեջանը հիմա էլ քարտ-բլանշ է ստացել։ Արեւմտյան երկրները հայտարարություններից բացի, ոչինչ չեն անում, պատժամիջոցներ չեն սահմանում։ Սա միասնական քաղաքական գիծ է»,- ընդգծեց Դանիելյանը։

Մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ փորձագետը կոչ արեց նախ ճշտել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, որոնք պետք է ստորագրվեն։

«Ադրբեջանը 1994-ի դաժան պարտությունից հետո ամենուր շեփորում էր, որ իբր խախտվել է իր տարածքային ամբողջականությունը, եւ Հայաստանը չգնաց Արցախի ճանաչման ճանապարհով, թեեւ կարող էր՝ հղում անելով Կոսովոյի նախադեպին եւ ՄԱԿ-ի բանաձեւին։

Հիմա Ադրբեջանը, օգտվելով աշխարհում ստեղծված իրավիճակից, ուզում է հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի Արցախից, ինչպես նաեւ ուզում է թուրքական միջանցք բացել՝ Հայաստանի վերահսկողությունից դուրս»,- հավելեց նա։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 18:00-ից ադրբեջանական զինուժը ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակներից սկսել է գնդակոծել սահմանի արեւելյան ուղղությամբ հայկական դիրքերը։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ադրբեջանական սադրանքի հետեւանքվ երեք հայ զինծառայող է զոհվել։

Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է անփոփոխ։