Մի քանի տարվա ընթացքում Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը աստիճանաբար բացահայտել է իր ընկերության վաղուց հետաձգված Cybertruck պիկապ-բեռնատարի մասին մանրամասները: Հինգշաբթի օրը նա ասել է, որ էլեկտրաբեռնատարը կկարողանա լողալ եւ աշխատել ինչպես նավակ՝ կարճ ժամանակի ընթացքում:

«Cybertruck-ը բավականաչափ անջրանցիկ կլինի, որպեսզի կարճ ժամանակով որպես նավակ ծառայի եւ կկարողանա անցնել գետեր, լճեր եւ նույնիսկ ոչ այնքան փոթորկոտ ծովեր»,- գրել է Մասկը Twitter-ում:

Tesla-ն եզակի մոդելը ներկայացրել է 2019 թվականին շքեղ միջոցառման ժամանակ եւ պլանավորել է վաճառքը սկսել 2021 թվականին, սակայն այժմ ասում է, որ արտադրությունը կսկսվի 2023 թվականին:

Միեւնույն ժամանակ Ford-ը, General Motors-ը եւ Կալիֆոռնիայի Rivian ստարտափը թողարկել են մարտկոցներով աշխատող իրենց սեփական պիկապ-բեռնատարները:

Մասկը սովորություն ունի ապագա ապրանքների եւ տեխնոլոգիաների վերաբերյալ անիրատեսական խոստումներ տալ։ Նա ասել է, որ հրթիռային շարժիչները թույլ կտան առաջիկա Tesla Roadster սպորտային մեքենային սավառնել: Տարիներ շարունակ նա ասել է, որ Tesla-ն լիովին ինքնակառավարվող մեքենաներ կստեղծի:

Tesla-ն ասում է, որ հաջորդ տարի կթողարկվեն եւս երկու հետաձգված մոդելներ՝ Semi տրակտոր-թրեյլերը եւ Roadster սպորտային մեքենան, գրում է Business Insider-ը: