Իռլանդական ծովի հատակում հայտնաբերվել է քիչ հայտնի նավ, որը փորձել է փրկել «Տիտանիկ»-ին սառցե մահից։ Առեւտրական SS Mesaba շոգենավը նույնպես հատել է Ատլանտյան օվկիանոսը 1912 թվականի ապրիլին, երբ հայտնի «Տիտանիկը» մեկնել է իր առաջին նավարկությանը, գրում է Planet Today-ը։

«Մեսաբան» ռադիոհաղորդագրություն է ուղարկել «Տիտանիկի» նավապետ Էդվարդ Սմիթին՝ նախազգուշացնելով, որ սառցաբեկորները լողում են Նյուֆաունդլենդի ափերի շուրջը:

Հաղորդագրությունը ստացվել է, սակայն նախազգուշացումն այդպես էլ չի ընդունվել։ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի սառցե ջրերում «չխորտակվող» Տիտանիկը բախվել է սառցաբեկորին եւ խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ:

Ինչ վերաբերում է «Մեսաբա»-ին, ապա նավը շարունակել է աշխատել որպես առեւտրային նավ հաջորդ վեց տարիներին, այնուհետեւ տորպեդահարվել է գերմանական սուզանավի կողմից 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում: Նավը ավելի քան մեկ դար ընկած է եղել ծովի հատակին։

Վերջերս Ուելսի Բանգորյան համալսարանի հետազոտողները կարողացել են բացահայտել «Մեսաբա»-ի խորտակման վայրը եւ գտնել նրա վերջին հանգրվանը՝ օգտագործելով «Արքայազն Մադոգ» հետազոտական նավը, որը հագեցած է ժամանակակից բազմաճառագայթ հիդրոլոկատորներով:

Որոնումները իսկական սխրանք են եղել։ Իռլանդական ծովի 19424 քառակուսի կիլոմետր մակերեսով հատակը լցված է 273 նավերի բեկորներով: