«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգվում է: Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ տարածքից առաջնահերթ հեռացվում են տարիներ շարունակ կուտակված աղբը, մաշված ու կոտրված սալիկները:

«Աստիճանահարթակներին սալիկները նախագծային փոփոխություններ էին կրել, դրանք շարժվում էին և բավական վտանգավոր էին»,-ասում է շինարարը:

«Նպատակ ունեինք մի փոքր խորացնել տարածքը, սակայն, քանի որ շատ ամուր ցանցային հիմք ունի, փորձել ենք հնարավորին չդիպչել ճարտարապետությանը: Աշխատանքները մոտավորապես 50 մլն դրամի շրջանակում է լինելու: Աստիճանների վրա ունենալու ենք ծածկ: Ջրահեռացումն ենք պոմպերով կազմակերպելու: Գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնին համահունչ դարձնելն է»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

Բազալտե և տրավերտինե սալիկները փոխարինվելու են նույն նյութերից նոր սալիկներով: Տարածքն ամբողջությամբ կլուսավորվի, սյուների եզրերով կտեղադրվեն նստարաններ։ Անցումը հետիոտների համար կդառնա մաքուր և հարմարավետ:

«Անցումը կունենա կախովի առաստաղ, լեդ լուսավորություն, կտեղադրվեն մետաղական բազրիքներ: Միակ խնդիրը, որն առայժմ չենք կարող լուծել, թեքահարթակի ապահովումն է, ինչը պայմանավորված է գետնանցման բարձրությամբ»,-նշում է շինարարը:

Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև դեկտեմբերի 25-ը: «Փակ շուկայի» ստորգետնյա հետիոտնային անցումը համայնքային սեփականություն է, բայց եթե լինեն ներդրումային ծրագրեր, ապա համայնքը պատրաստ է դրանք քննարկել:

«Ամեն մեկս պետք է հոգ տանենք, որ ստորգետնյա անցումները ծառայեն իրենց նպատակին: Հաջորդը, որի տեխառաջադրանքն է այս պահին մշակվում, Պարոնյան-Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցումն է»,-ասում է Խորեն Գրիգորյանը:

Քաղաքացիների անվտանգության, հարմարավետության ապահովման համար գետնանցումները հերթով կնորոգվեն: