CNN հեռուստաալիքը ենթադրում է, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում նրանք կկարողանան նախաձեռնել Բայդենի իմփիչմենթը։

Որպես հիմնավորում ներկայացվում է Հարավային Կարոլինայում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նենսի Մեյսի մեկնաբանությունը, որը NBC-ի հետ զրույցում ենթադրել է, որ կնախաձեռնվեն նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթ հայտարարելու փորձեր, եթե Հանրապետական կուսակցությունը վերահսկողության տակ վերցնի Ներկայացուցիչների պալատն այս աշնանը։ «Ես կարծում եմ, որ սա այն է, ինչը ոմանք դիտարկում են»։

Հինգշաբթի Ներկայացուցիչների պալատում փոքրամասնության ղեկավար Քեւին Մակքարտիին, որը, ինչպես սպասվում է, կդառնա խոսնակ, եթե հանրապետականները մեծամասնություն ստանան, հարցրել են իմփիչմենթի հնարավորության մասին, եւ նա խուսափել է պատասխանից։ «Մենք կողմնակից ենք օրենքի գերակայությանը։ Մենք քաղաքականություն չենք խաղա,- ասել է նա եւ խորհրդավոր ավելացրել,- բայց մենք ամեն բան կանենք... կանոնները եւ փաստերը մեզ դրան են տանում»։

Իրականությունն այնպիսին է, որ որոշ հանրապետականներ արդեն որոշ ժամանակ է խոսում են Բայդենի հնարավոր իմփիչմենթի մասին։

Ինչպես տեղեկացրել է CNN-ը 2022թ. հունվարին. «Եթե նրանք իշխանության գան, հանրապետական առաջնորդները ստիպված կլինեն պայքարել նրանց աջ թեւի աճող ճնշման դեմ, որպեսզի նախաձեռնեն Բայդենի իմփիչմենթը, որը Հանրապետական կուսակցության ղեկավարները մինչեւ այժմ հրաժարվում էին ընդունել։ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինն արդեն ներկայացրել է Բայդենի իմփիչմենթի բազմաթիվ օրինագծեր՝ նրան մեղադրելով ծանր հանցագործություններում եւ արարքներում»։

Ներկայացուցիչների պալատի անդամ (Վիրջինիայից) Բոբ Գուդն այն ժամանակ ասել էր. «Ջո Բայդենը միտումնավոր վնասել է երկրին ավելի շատ, քան ցանկացած նախագահ ամերիկյան պատմության մեջ։ Նա արժանի է իմփիչմենթի միայն դրա համար, էլ չեմ ասում էլի ինչ-որ բանի մասին»։

Իմփիչմենթն ընկալվում է որպես զուտ քաղաքական գործիք, մահակ, որն օգտագործվում է որպես նախագահին չվստահելու արտահայտություն։

Հիմք չկա մտածելու, որ եթե հանրապետականները գլխավորեն Ներկայացուցիչների պալատը, նրանք կխուսափեն իմփիչմենթից, չնայած հարցն այն է, թե ինչում են նրանք փորձում մեղադրել Բայդենին։