Արեւմուտքի նպատակն է էլ ավելի մասնատել հետխորհրդային տարածքը, կռվեցնել ժողովուրդներին, ամենավառ օրինակն Ուկրաինայում «հակաՌուսաստանի» ստեղծումն է, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գաղտնիք չէ, որ «բաժանիր, որ տիրես» փիլիսոփայությունն ակտիվորեն օգտագործվում է Արեւմուտքի կողմից նախկին Խորհրդային Միության երկրների հետ կապված։ Նպատակը միանգամայն պարզ է՝ էլ ավելի մասնատել հետխորհրդային տարածքը, կռվեցնել մեր երկրներին եւ ժողովուրդներին, ոչ շահավետ փոխգործակցության սխեմաներ պարտադրել, դեպի գլոբալ գործընթացների լուսանցք դուրս մղել»,- ուրբաթ Մոսկվայում ԱՊՀ երկրների հետախուզական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Լավրովը։
«Այդպիսի ավերիչ ընթացքի ամենավառ արդյունքն Ուկրաինան հակառուսական հենակետի վերածելն է»,- ասել է նա։

Լավրովը հիշեցրել է երկու տարի առաջ Բելառուսում տեղի ունեցած գունավոր հեղափոխության փորձը։

«Բայց ակնհայտ է, որ ԱՊՀ ոչ մի պետություն ապահովագրված չէ նման միջամտությունից։ Դա հստակ երեւում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության լկտի գործողություններից Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը: