Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները սեպտեմբերի 29-ին սպասարկվող վարչական տարածքում գիշերային շրջագայություն իրականացնելիս, ժամը 04.15-ի սահմաններում, Լեռնապար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը սրահից ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-ԲՄ» երկփողանի որսորդական հրացան՝ 18 փամփուշտով և համապատասխան փաստաթղթերով, իսկ մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է մեկ կզաքիս, արծվի նմանվող մեկ թռչուն ու հայտնել, որ ապօրինի որսն արել է Լեռնապար գյուղի դաշտերում:

Ավտոմեքենան, ապօրինի որսով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: