Գեղամ Շախբազյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Որոշման տեքստը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։

Շախբազյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի սեպտեմբերից։ Հնարավոր է, որ այս ազատումը կապ ունի «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետ:

Գեղամ Շախբազյանը, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել՝ իր աշխատանքից ազատվելը կապ ունի՞ «Սուրմալու»–ի իրադարձությունների հետ, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ դեռ 2021-ի մարտին կառավարությանն առընթեր հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Սուրմալու»-ում ավելի քան երկու տասնյակ խախտում էր հայտնաբերել, սակայն մինչև պայթյունը՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, տեսուչներն այստեղ վերստուգում չէին իրականացրել՝ պարզելու, թե արդյոք վերացվել են այդ խախտումները։ Պատճառաբանեցին, թե ծանրաբեռնված են, մարդկային ռեսուրսները չեն բավականացնում։ 43 տեսուչները տարեկան հասցնում են ընդամենը 500 օբյեկտ այցելել, մինչդեռ բարձր ռիսկայնության մոտ 30 000 օբյեկտների ավելի քան 90 տոկոսն այդպես էլ մնում է բախտի քմահաճույքին։

Կառավարության օգոստոսի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «Սումրալուի» պայթյունին, շեշտեց՝ Հայաստանում անվտանգության կանոնների պահպանության գործում պետք է գնալ նոր չափանիշների, և այս հարցում չպետք է լինեն փոխզիջումներ։