Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքների միացման հանրաքվեների հետ։

Ըստ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքի՝ նոր պատժամիջոցների համաձայն՝ Ռուսաստանը կզրկվի արեւմտյան հիմնական ծառայություններից, այդ թվում՝ ՏՏ խորհրդատվությունից, ճարտարապետական ծառայություններից, ինժեներական ծառայություններից եւ առեւտրային գործունեության որոշակի տեսակների գործարքների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվությունից:

Մեծ Բրիտանիան նաեւ արգելում է գրեթե 700 ապրանքների արտահանումը, որոնք կարեւոր նշանակություն ունեն Ռուսաստանի արդյունաբերական եւ տեխնոլոգիական ներուժի համար, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին կանչել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին՝ ամենավճռական բողոքը ցույց տալու համար։

Ռուսաստանի տնտեսության խոցելի հատվածներին ուղղված ծառայությունների ու ապրանքների արտահանման նոր արգելքների մասին այսօր (սեպտեմբերի 30-ին) հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նաեւ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի դեմ, ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։