Ռուսաստանի վերջին գործողությունները Ուկրաինայի հակամարտության ամենալուրջ էսկալացիան են՝ փետրվարին Ուկրաինա Մոսկվայի ներխուժումից հետո, ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է Reuters-ը։

«Պուտինը մոբիլիզացրել է հարյուր հազարավոր լրացուցիչ զորքեր, անպատասխանատու կերպով սպառնում է միջուկային հրթիռներով եւ այժմ անօրինական կերպով անեքսիայի է ենթարկել ավելի շատ ուկրաինական տարածքներ։ Այս ամենը միասին ամենալուրջ էսկալացիան է պատերազմի սկզբից»,- ասել է Սթոլթենբերգը մամուլի ասուլիսում։

Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վերահաստատում է իր «անդրդվելի աջակցությունը» Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ չի դադարի աջակցել երկրին Ռուսաստանից պաշտպանվելու հարցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։