ՀԱՊԿ-ը պետք է արձանագրի Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ակտը եւ պետք է այդ ակտի վերացման հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցելության եւ դիտորդական առաքելության աշխատանքի արդյունավետության մասին։ 

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կատարում է Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությունը՝ տեղում իրավիճակը գնահատել եւ իր գնահատականը ներկայացնել։ Երեկ մենք հանդիպում ենք ունեցել, եւ ինքը ներկայացրել է, թե ինչ եզրակացությունների են հանգել։ Ես այդ եզրակացությունների համատեքստում մեր դիտողություններն եմ ներկայացրել եւ առաջարկությունները։ Մեծ հաշվով որոշումները կայացնում է ոչ թե ՀԱՊԿ քարտուղարը, այլ Հավաքական անվտանգության խորհուրդը։ Շատ կարեւոր է այստեղ՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական ձեւակերպելո՞ւ է իրավիճակի վերաբերյալ, թե՝ ոչ։ Ադրբեջանի ագրեսիայի ակտը պետք է արձանագրվի եւ Ադրբեջանի ագրեսիայի ակտի վերացման հստակ ճանապարհային քարտեզ պետք է ներկայացվի։ Սա պետք է լինի կարմիր գիծը, որը դե յուրե ֆիքսված է, եւ ՀԱՊԿ-ի անկյունաքարն է։ Եթե որեւէ մեկը գա վերջնական եզրակացության, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, չնայած այդպիսի եզրակացության գալու ոչ մի հիմք չկա, ինքը կարձանագրի, որ ՀԱՊԿ պարզապես չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։