ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում ելույթի ժամանակ պատասխանել է դաշինքին արագացված ընթացակարգով միանալու Վլադիմիր Զելենսկու խնդրանքի մասին լրագրողների հարցին, հայտնում է Euronews-ը։

Սթոլթենբերգի խոսքով՝ երկիրը դաշինքում ընդունելու համար ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համաձայնությունն է անհրաժեշտ։

DW-ի փոխանցմամբ՝ Սթոլթենբերգը նաեւ ասել է, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում», եւ որ եվրոպական ցանկացած երկիր իրավունք ունի դաշինքին միանալու հայտ ներկայացնել՝ հետեւելով նախկինում ՆԱՏՕ-ի ղեկավարների անցկացրած գծին։

«Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինային անհապաղ աջակցություն ցուցաբերելու վրա, որպեսզի օգնենք նրան պաշտպանվել Ռուսաստանի դաժան ներխուժումից»,- հավելել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստից հետո Ուկրաինան արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։