Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, սեպտեմբերի 30-ին, ելույթ է ունեցել Կարմիր հրապարակում անցկացված հանրահավաք-համերգին՝ հաջակցություն Ռուսաստանի նոր տարածքների ընդգրկման վերաբերյալ հանրաքվեների արդյունքների։

«Մենք գիտենք, թե ում ենք պարտական այսօրվա համար։ Մենք պարտական ենք մեր հերոս զինվորներին ու սպաներին, Դոնբասի աշխարհազորայիններին, կամավորներին։ Մենք այսօր այստեղ ենք՝ Կարմիր հրապարակում, իսկ նրանք մարտում՝ հերոսաբար պաշտպանում են մարդկանց ընտրությունը, որ կատարվել է մի քանի օր առաջ։ Ուստի, ի նշան աջակցության, երախտագիտության, ի նշան իրենց արժանիքների, առաջարկում եմ աջակցության ազդանշան ուղարկել նրանց այստեղից՝ Կարմիր հրապարակից։ Առաջարկում եմ դա անել բարձրաձայն՝ այնպես, որ նրանք հազարավոր կիլոմետրեր հեռու լսեն։ Եռակի «ուռա՛»-ով»,- Ռուսաստանի նախագահի խոսքերն է մեջբերում «Комсомольская правда»-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։