Մեքսիկայի կառավարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ զինվորականների կողմից պահվող տվյալների, այդ թվում՝ նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի սրտի հիվանդության մասին մանրամասների արտահոսք է տեղի ունեցել խոշոր կիբեռհարձակման հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:

Նախագահը, ելույթ ունենալով հերթական մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ պաշտպանության նախարարության տվյալների բազան կոտրելու մասին տեղական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը ճիշտ է, եւ հաստատել է իր առողջական խնդիրների մասին տեղեկությունը։

«Դա ճիշտ է, տեղի է ունեցել կիբեռհարձակում»,- ասել է նա՝ նշելով, որ հաքերներն օգտվել են զինված ուժերի տեղեկատվական համակարգերում փոփոխություններից:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաքերները հասանելիություն են ձեռք բերել պաշտպանության նախարարության վեց տերաբայթ տվյալներին, ներառյալ՝ հանցագործ անձանց մասին տեղեկություններին, հաղորդակցությունների սղագրություններին եւ Մեքսիկայում ԱՄՆ դեսպան Քեն Սալազարի մոնիտորինգին:

Հարձակումը նաեւ ցույց է տվել, որ 68-ամյա Լոպես Օբրադորի մոտ ստենոկարդիա է ախտորոշվել եւ հունվարի առաջին կեսին նա բժշկական 10 կոնսուլտացիա է անցել: