Չինացի հնագետները հայտնել են Չինաստանի Հուբեյ նահանգի պեղումների վայրում մոտ 1 միլիոն տարեկան մարդկային գանգ հայտնաբերելու մասին:

Հուբեյի մշակութային մասունքների եւ հնագիտության ինստիտուտի հնագետների խմբի կողմից պեղված գանգը մարդու ամենաամբողջական գանգն է, որը հայտնաբերվել է այս ժամանակահատվածում Եվրասիական մայրցամաքում, հաղորդում է Hubei Daily-ն:

Հնագետներն ակնկալում են, որ այս վերջին հայտնագործությունը՝ երրորդ մարդկային գանգը, որը հայտնաբերվել է Յուն կոմսության նույն վայրում, կօգնի լույս սփռել Արեւելյան Ասիայում մարդկային էվոլյուցիայի վրա՝ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելով պատմության այդ ժամանակաշրջանի մարդու գանգի եւ դեմքի մասին:

«№ 3 գանգը թաղման պայմաններով, կենդանական ծագման մնացորդներով եւ քարե իրերի տեխնիկական բնութագրերով նման է առաջին երկուսին, ուստի բոլոր երեք գանգերը պետք է լինեն նույն տարիքի»,- Hubei Daily-ին տված հարցազրույցում ասել է Հուբեյի մշակութային մասունքների եւ հնագիտության ինստիտուտի աշխատակից, պեղումների խմբի ղեկավար եւ հետազոտող Լու Չենգկիուն:

Չորեքշաբթի օրը խոսելով պետական CCTV հեռուստաալիքով՝ հնագիտական պեղումների վայրում աշխատող թիմի ղեկավար Գաո Սինը նշել է, որ մինչ այժմ հնագետները շատ քիչ մարդկային բրածոներ են հայտնաբերել, որոնք ավելի քան մեկ միլիոն տարեկան են:

«Չինաստանում եւ Արեւելյան Ասիայում 1 միլիոն տարեկանից ավելի միակ նմուշներն են Յուանմոու մարդը, որը 1,7 միլիոն տարեկան է, եւ Լանտիան մարդը, որը 1,6 միլիոնից մինչեւ 1,2 միլիոն տարեկան է»,- ասել է Գաոն:

Առայժմ պեղումների խումբը հայտնաբերել է ճակատային ոսկոր, ուղեծիր եւ գանգի այլ մասեր։ Նրանք հույս ունեն, որ մնացած մասերը կգտնեն նոյեմբերին:

Հնագետները այդ վայրում հայտնաբերել են նաեւ կենդանիների բրածոներ, օրինակ՝ խոշոր բուսակերներ եւ որոշ մսակերնե, ինչպես նաեւ քարե գործիքներ: Նրանք կարծում են, որ այդ գործիքները, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են կենդանիներ որսալու եւ մորթելու համար։

«Գտածոները ցույց են տալիս, որ Յունսյան մարդը կերել է շատ խոշոր բուսակեր կենդանիների»,- ասել է Գաոն: