Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Շահումյան փողոցում բնակվող 49-ամյա մի տղամարդ ջերմատանը կանեփ է աճեցնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Սեպտեմբերի 27-ին իրավապահներն այցելեցին նրա տուն։ Ջերմատանը կանեփի բույսեր հայտնաբերվեցին։ Տան բակում էլ կանեփի չորացված զանգված կար՝ 190 գրամից ավելի քաշով։

49-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ կանեփն ինքն է ցանել ու մշակել։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է փորձաքննություն։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։