Լիբանանը հայտնել է, որ նամակ է ստացել ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնից, որն առաջարկում է Իսրայելի հետ ծովային սահմանի համաձայնագիր կնքել, որը կարող է կարգավորել ծովային գազի հանքավայրերի նկատմամբ մրցակցային պահանջները, հաղորդում է AFP-ն:

Վարչապետ Նաջիբ Միքաթին հանդիպել է Լիբանանում ԱՄՆ դեսպան Դորոթի Շիի հետ, «որը գրավոր առաջարկ է փոխանցել ամերիկյան միջնորդից»,- հաղորդում է վարչապետի գրասենյակը։

Նախագահ Միշել Աունը նաեւ հանդիպել է Շիի հետ, «ով նրան նամակ է հանձնել հարավային ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ առաջարկով»,- ասվում է Աունի գրասենյակի հայտարարության մեջ:

Աունը կապ է հաստատել Միքաթիի եւ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ, որը նույնպես ստացել է առաջարկի նախագիծը, որպեսզի քննարկի Լիբանանի պատասխանը:

Լիբանանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն, եւ նրանց ցամաքային սահմանը հսկվում է ՄԱԿ-ի կողմից։

Նրանք ծովային սահմանի շուրջ բանակցությունները վերսկսել են 2020 թվականին, սակայն գործընթացը դադարեցվել է բանակցություններում ՄԱԿ-ի կողմից օգտագործվող քարտեզը փոխելու Լիբանանի պահանջի պատճառով։

Անցյալ ամիս Աունը Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ջոաննա Վրոնեցկիին ասել էր, որ «հարավային ծովային սահմանի սահմանազատման բանակցությունները վերջին փուլում են»: