Իրաքում անվտանգության ուժերը արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ են կիրառել, որպեսզի ցրեն ցուցարարներին Բաղդադի Թահրիր հրապարակից, որտեղ հարյուրավոր մարդիկ նշում էին 2019 թվականի հակակառավարական անկարգությունների տարելիցը:

Reuters-ի տվյալներով՝ ռետինե փամփուշտներից վիրավորվել է առնվազն 86 մարդ, որոնց մոտ կեսը՝ անվտանգության կառույցների աշխատակիցներ, 38-ը՝ ցուցարարներ։

Ըստ իրաքցի զինվորականների՝ «հանրահավաք ներթափանցած տարրերը» Մոլոտովի կոկտեյլներով ու որսորդական հրացաններով հարձակվել են ուժայինների վրա։

Անվտանգության ծառայության աշխատակիցները փակել են կամուրջներն ու հրապարակները եւ պատեր կանգնեցրել որոշ կամուրջների վրա, որոնք տանում են դեպի ամրացված Կանաչ գոտի, որտեղ գտնվում են կառավարության շենքը եւ օտարերկրյա դեսպանատները:

Հրապարակում ցուցարարները ծածանել են Իրաքի դրոշը եւ վանկարկել «մենք ուզում ենք տապալել ռեժիմը»։

Բողոքի ցույցեր են սկսվել նաեւ հարավային նահանգներում։ Նասիրիա քաղաքում հարյուրավոր մարդիկ հավաքվել են Հաբուբիի կենտրոնական հրապարակում, նրանք գնացել են վարչակազմի շենք եւ Մոլոտովի կոկտեյլներ նետել։ Դիվանիայում եւ Բասրայում ցուցարարները հավաքվել են նահանգի վարչակազմի շենքի մոտ եւ անվադողեր են այրել։

2019 թվականին բողոքի ցույցեր էին բռնկվել այն ժամանակվա վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի կառավարության դեմ։ Բախումների հետեւանքով զոհվել էր ավելի քան 560 մարդ։