Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին խոստացել է, որ ԻՀՊԿ-ն դաժան հաշվեհարդար է տեսնելու ահաբեկիչների հետ, որոնք ուրբաթ օրը Զահեդանում ահաբեկչություն են իրականացրել, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Իր ուղերձում գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Բասիջի անդամների` երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվելու համար: Նա հարձակմանը մասնակցած ահաբեկիչներին անվանել է օտարերկրյա տերությունների գաղտնի ծառայությունների վարձկաններ։

Հիշեցնենք, որ Աֆղանստանին եւ Պակիստանին սահմանակից Իրանի հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանում գործող ռազմաբազայի վրա զինված ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի անդամներ, եւ եւս 22 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։