Դանիական էներգետիկ գործակալությունը կիրակի օրը հայտնել է, որ Nord Stream AG-ից տեղեկացրել են վնասված խողովակաշարում կայուն ճնշման առկայության մասին, ինչը ազդարարում է բնական գազի արտահոսքի դադարեցման մասին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Անցյալ շաբաթ Բալթիկ ծովում Դանիայի եւ Շվեդիայի մերձակայքում գտնվող «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերում ընդհանուր առմամբ արտահոսքի 4 աղբյուր է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի գիշերը «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի գծերից մեկում արտահոսք է տեղի ունեցել։ Դա տեղի է ունեցել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բորնհոլմ կղզուց հարավ-արեւելք։ Գազի արտահոսք է գրանցվել նաեւ Բորնհոլմից հյուսիս-արեւելք գտնվող առաջին «Հյուսիսային հոսք 1»-ի երկու գծերից: