Չինացի միլիարդատեր եւ JD.com-ի հիմնադիր Ռիչարդ Լյուն համաձայնվել է լուծել Մինեսոտայի համալսարանի նախկին ուսանողի հայցը, ով պնդում էր, որ միլիարդատերը բռնաբարել է իրեն Մինեապոլիսի իր բնակարանում 2018 թվականին՝ հարուստ չինացի ղեկավարների հետ ճաշելուց եւ խմելուց հետո:

Գործարքի գումարը չի հանրայնացվել:

Ռիչարդ Լյուն, ով այս տարի լքել է Պեկինի էլեկտրոնային առեւտրի JD.com ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, հերքել է, որ բռնաբարել է կնոջը՝ Ջինգյաո Լյուին, իսկ դատախազները քրեական մեղադրանքներ չեն ներկայացրել: Երկու կողմերի փաստաբանների համատեղ հայտարարության մեջ հանդիպումն անվանվել է «թյուրիմացություն»:

Հարցի կարգավորման մասին հայտարարվել է քաղաքացիական դատավարության մեկնարկից ընդամենը երկու օր առաջ, որը պետք է սկսվեր երկուշաբթի օրը Մինեապոլիսի դատարանի դահլիճում:

Ռիչարդ Լյուն Չինաստանում հայտնի մարդ է եւ պատկանում է ձեռներեցների մի սերնդի, ովքեր 1990-ականների վերջից ստեղծել են երկրի ինտերնետը, էլեկտրոնային առեւտուրը, բջջային հեռախոսները եւ հաջողություններ գրանցել այլ տեխնոլոգիական ոլորտներում: Շաբաթ օրը Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 10,9 միլիարդ դոլար:

Ջինգյաո Լյուն պնդում է, որ հարձակումը տեղի է ունեցել 2018 թվականին, երբ Ռիչարդ Լյուն գտնվում էր Մինեապոլիսում՝ մեկշաբաթյա պրակտիկայի ընթացքում՝ որպես Մինեսոտայի համալսարանի Չինաստանի բիզնեսի կառավարման դոկտորի ծրագրի մի մաս, որին մասնակցում էին տեխնոլոգիական ոլորտի հսկաները:

Ջինգյաո Լյուն Չինաստանի քաղաքացի է, ով համալսարանում ուսանողական վիզայով էր եւ այդ ժամանակ կամավորություն էր իրակաացնում: Ըստ հայցի, Ջինգյաո Լյուն 21 տարեկան էր, մինչդեռ Ռիչարդ Լյուն այդ ժամանակ մոտ 40 տարեկան էր:

Ռիչարդ Լյուն, որը նաեւ հայտնի է որպես Լյու Քյանդունգ, ձերբակալվել էր բռնաբարության կասկածով 2018 թվականի օգոստոսին, սակայն դատախազները հայտնել էին, որ գործը «խորը ապացույցների խնդիրներ ունի» եւ հրաժարվել էին քրեական մեղադրանք ներկայացնելուց:

2019 թվականին Ջինգյաո Լյուն դատի է տվել Ռիչարդ Լյուին՝ մեղադրելով սեռական ոտնձգությունների եւ բռնության, ինչպես նաեւ ազատազրկման համար։