ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում Սևանի ջրհավաք ավազանում ս.թ. սեպտեմբերի 13-ին իրականացվել է մեդիա ուղևորություն լրագրողների և լրատվամիջոցների համար դեպի Սևանի ջրհավաք ավազան ԶԼՄ ներկայացուցիչների համար:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ շրջայցի նպատակն էր լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացնել ՊՈՆՏՈՍ ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում և դրանց մոնիթորինգի մեթոդները՝ կիրառելով արբանյակային պատկերները։ Շրջայցի օրակարգում էին հետևյալ տարածքներն ու թեմաները՝

● Հայրիվանք – ջրային բուսականության ուսումնասիրություն

● Նորատուս – կոշտ թափոնների և կեղտաջրերի խնդրի ուսումնասիրում

● Այց դեպի անտառների հատված

● Լիճք – այց դեպի ճահիճների և ձկնաբուծարանի տեղամաս

● Այց դեպի Մարտունի գետ

Շրջայցի ժամանակ ՊՈՆՏՈՍ ծրագրի հայաստանյան գործընկերների հետազոտողները ներկայացրել են յուրաքանչյուր տարածքում առկա խնդիրները և այն լուծումները և աջակցությունը, որ հնարավոր է ապահովել սույն ծրագրի շրջանակներում: ՊՈՆՏՈՍ ծրագիրը մեծամասամբ նպաստում է Հայաստանում համապատասխան կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը, հետազոտությունների համար մեթոդաբանության մշակմանը, ինչպես նաև առկա հրատապ խնդիրների վերհանմանը:

Ծրագրի վերջնարդյունքները ներառում են մի շարք դրական գործողություններ Հայաստանի և գործընկեր երկրների համար: Մասնավորապես`

1. ՊՈՆՏՈՍ հարթակի ստեղծում, որը ներառում է տվյալների խորանարդ (data cube), WebGIS և Web հավելված: Սա հնարավորություն է ստեղծում քաղաքականություն մշակողներին, լրագրողներին, հետազոտողներին, ուսանողներին և յուրաքանչյուր հետաքրքրված քաղաքացու ստանալ արագ վերլուծություն ՊՈՆՏՈՍ ծրագրի պիլոտային տարածք Սևանա լճի վերաբերյալ: Վերլուծությունն արբանյակային նկարի տեսքով է: Հարթակը հնարավորություն է տալիս վերահսկել, գնահատել և ուսումնասիրել մասնավորապես հետևյալ խնդիրները`

○ Չափումներ լճի էվտրոֆիկացիայի վերաբերյալ

○ Չափումներ հարակից անտառածածկի և դրա փոփոխությունների վերաբերյալ

○ Չափումներ ջրլող բուսականության վերաբերյալ:

2. Հարթակն ապահովում է սևծովյան ավազանի վերաբերյալ միջսահմանային բնապահպանական մոնիտորինգի համապատասխան տվյալների և տեղեկատվության մատչելիությունն ու արդիականացումը:

3. Գործընկերների կողմից մշակված կրթական նյութերի և ռեսուրսների, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների միջոցով ծրագիրը նպաստում է համախմբված և միատեսակ մեթոդոլոգիայի մշակմանն ու կիրառմանը ծրագրի բոլոր պիլոտային տարածքներում:

4. Ծրագրի գործընկեր երկրներում համագործակցող թիմի ստեղծում, որն իր հերթին համախմբում և ներգրավվում են տեղական մասնագետներին ու նաև ապահովում կապը գործընկեր երկրների մասնագետների միջև: Սա էականորեն նպաստում է տվյալների փոխանակմանը ՊՈՆՏՈՍ ծրագրի գործիքների միջոցով:

5. Ծրագիրն ապահովում է իրազեկվածության բարձրացում ջրի որակի և դինամիկայի վերաբերյալ:

ՊՈՆՏՈՍ ծրագրի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել ծրագրի կայքէջ հետևյալ հասցեով՝ http://pontos-eu.aua.am/:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չորս այլ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ 2020թ. հուլիսի 1-ից մեկնարկել է «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» (ՊՈՆՏՈՍ) ծրագիրը: Երեսուն ամիս տևողությամբ ծրագիրն իրականացվում է ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 999,967.28 ԱՄՆ դոլար: