Apple-ը ավելացրել է ավտոպիլոտի գործառույթը թեստավորող վարորդների թիվը՝ հասցնելով 180 մարդու, տեղեկացրել է MacReports պարբերականը։

Լրագրողների խոսքով՝ Apple-ը չի բացահայտում ավտոպիլոտի եւ սեփական ավտոմեքենայի ստեղծման պլանները, բայց պարտավոր է հաշվետու լինել Կալիֆոռնիայի իշխանությունների առջեւ։ Ուսումնասիրելով նահանգին ներկայացված փաստաթղթերը՝ հեղինակները պարզել են, որ Apple-ը 15 վարորդ է վարձել ավտոպիլոտի տեխնոլոգիայի թեստավորման համար՝ նրանց թիվը հասցնելով 180 մարդու։ Թեստերին մասնակցող մեքենաների թիվը Կալիֆոռնիայի հանրային ճանապարհներին մնացել է անփոփոխ՝ 69 հատ։

Մասնագետները նաեւ նշել են, որ անցած հաշվետվությունում Apple-ը գրանցել էր 165 պիլոտ։ Նշվել է, որ ընկերությունն ստուգում է ավտոպիլոտի տեխնոլոգիան օգտագործված Lexus-ների հիման վրա, որոնք ունեն հատուկ սենսորներ։

Նշվել է նաեւ, որ Apple-ը նկատելիորեն զիջում է այլ ընկերություններին, որոնք թեստավորում են ավտոպիլոտային ոլորտի իրենց նորարարությունները Կալիֆոռնիայում։ Waymo ընկերությունը, օրինակ, ունի 345 մեքենա եւ 1 057 վարորդ, Cruise-ը՝ 386 ավտոմեքենա եւ 417 վարորդ։